Լույս է տեսել 1897 թվականին Ալեքսանդրապոլ քաղաքում` բնիկ գյումրեցի Գեորգ Սանոյանցի Բեյբության փողոցի վրա գտնվող տպարանում («Աղէքսանդրապոլ տպարան Գէորգ Ս.Սանոյեանցի»): Նախքան այդ Իսահակյանը, որը սովորել էր Լայպցիգի համալսարանում և մեկ տարի անցկացրել Երևանի բերդի զնդաններում, արդեն շուրջ տասը տարի գրում էր և հասցրել էր երկու տասնյակից ավելի բանաստեղծություններ տպագրել պարբերական մամուլում. «Գիրքը իհարկե նշանավորում էր Իսահակյանի մուտքը գրական աշխարհ, սակայն ինքը` հեղինակը, բնավ նորելուկ չէր գրականության մեջ»։
Բանաստեղծական շարքերի կողքին նա արդեն գրել էր իր «Հեղափոխական էպոսի»` «Մասսա Մանուկի» առաջին տարբերակը, գրել էր հարյուրից ավել բանաստեղծություններ, արձակ լեգենդներ և զրույցներ, հարյուրավոր էջեր «Հիշատակարանի», համառոտագրել Նիցշե և Շոպենհաուեր, գրել փիլիսոփայական էսսեներ, թարգմանություններ կատարել եվրոպական դասականներից։ 1892-1897 թվականներին հայկական պարբերականներում («Տարազ» և «Աղբյուր» (Թիֆլիս) ամսագրերում, Վիեննայի «Հանդես ամսօրյա»-ում և Սանկտ Պետերբուրգի Հայկական «Արաքս» տարեգրքում) տպագրվել էին «Երգեր ու վերքեր» գրքում լույս տեսած 55 բանաստեղծություններից 21-ը: Մինչ այդ Իսահակյանն արդեն ուներ 40 տպագրված երկեր, հեղինակ էր նաև ուրույն բանաստեղծական շարքերի` «Ժողովրդական մոտիվներ», «Դատըրկյուն աշուղի խաղեր», «Հատուկտոր թերթեր իմ օրագրից», «Արձակ բանաստեղծություններ», «Mozaik» և այլն, ընդ որում` այդ ստեղծագործությունների մի մասը հետագայում ընդգրկվել են Իսահակյանի երկերի բոլոր հատընտիր հրատարակություններում, ինչպիսիք են` «Ծաղիկ էի նորաբողբոջ...», «Մի՞թե պիտի թոռմին, թոշնին...», «Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ...», «Նվեր մայրիկիս» («Հայրենիքես հեռացեր եմ...»), «Սի՛րտս երկինք է...», «Ես երգիչ եմ - երկնի որդի...», «Բինգեոլ», «Օխտը սարով հեռո՜ւ քեզնեն...», «Արևն հասավ սարի գլխուն...», «Մաճկալ ես - բեզարած ե՛ս...», «Դարդս լացե՛ք, սարի սմբուլ...», «Իմ փերին» բանաստեղծությունները:
Դեռ նախքան «Երգեր ու վերքեր» ժողովածուի հրատարակումը Իսահակյանն իր գրական գործունեությամբ արժանացել էր որոշակի ուշադրության, ինչի մասին գրել է նաև ժողովածուի առաջին գրախոսը` Նիկոլ Աղբալյանը. «Ովքեր հետևում են մեր պարբերական հրատարակություններին, նրանց ծանոթ է անշուշտ պ. Իսահակյանի անունը, ոը 4-5 տարի է արդեն ինչ տպում է իր բանաստեղծությունները «Տարազում», «Արաքսում» և «Աղբյուրում»: Ընկերների ու գրականությունը սիրողների փոքրիկ ու նեղ շրջաններում նրա մասին խոսում էին, նրան հետևում էին, կարդում, անգիր էին անում նրա ոտանավորները, վեճ ու զրույցի նյութ էին դառնում նրա շնորհքն ու գրվածները, որոշ կարծիք էին կազմում նրա մասին»:
Իր բանաստեղծություններն առանձին գրքով լույս ընծայելու մասին Իսահակյանը մտածել է դեռևս Գերմանիայում սովորելու շրջանում` 1894 թվականին: Հայրենիք վերադառնալուց հետո նախաձեռնել է իր մտահղացման իրականանացումը, սակայն կալանքի պատճառով գրքի հրատարակումը մեկ տարով հետաձգվել է և իրականացվել է 1897 թվականի ապրիլից մինչև տարեվերջն ընկած ժամանակահատվածում:
1898 թվականին Իսահակյանը ցանկացել է վերահրատարակել «Երգեր ու վերքերը» ժողովածու`ավելացնելով մի քանի նոր ստեղծագործություններ։ Նրա արխիվում պահպանվել են գրքի երկրորդ հրատարակության համար նախատեսված ստեղծագործությունների ցանկը` առաջին գրքի երկերն ու 1896-1898 թվականներին գրված մի շարք նոր բանաստեղծություններ։ Սակայն գրքի երկրորդ հրատարակությունը չի իրականացել հեղինակի` Օդեսա աքսորվելու պատճառով: